Yeraz Park

«Երազ» մանկական մատենաշարը 4 նոր գիրք է ներկայացրել

«Երազ» մանկական մատենաշարը «Երազի գիրք» միջոցառման շրջանակում իր ընթերցողներին է ներկայացրել 4 նոր գիրք` Անաբել Սթեդմանի «Սկանդարն ու միեղջյուրի գողը», Կաիսա Հապպոնենի «Մյուռը և հապալասը», Պեր Գուստավսոնի «Ստվերաշխարհը», Աստղիկ Նադիրյանի «Նանի´կ արա, իմ բալիկ»։

«Երազ» մանկական  մատենաշարը Newmag-ի և «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսի» համատեղ նախաձեռնություն է։ Կարևորելով մանկական գրականության դերը գրագետ սերունդ կրթելու գործում, 2023 թվականին թվականին  «Երազ Փրոջեքթսը» և Newmag հրատարակչությունը հուշագիր ստորագրեցին՝ սկիզբ դնելով «Երազ» մատենաշարի հրատարակչությանը։ Գործակցության արդյունքում 2023 թ. ընթացքում «Երազը» ընթերցասերներին ներկայացրեց հայ և արտասահմանյան մանկագիրների 6 գիրք։

«Երազ» մանկական մատենաշարի շնորհանդեսի ընթացքում ողջունելով հյուրերին և շնորհավորելով նախագծի հաջողության և կայացման համար՝ «Երազ Փրոջեքթսի» համահիմնադիր Անժելա Պետրոսյանը նշեց․ «Մեկ տարի առաջ Newmag-ի մեր գործընկերների հետ համախմբվեցինք այնպիսի կարևոր ու անգնահատելի արժեքի շուրջ, ինչպիսին կրթությունն է։ Քաջ գիտակցելով, թե որքան բարդ է տեղեկատվական տեխնոլոգիաների, ամեն քայլափոխին նոր ու տարբեր զբաղմունքների, գունեղ ու հաճախ շեղող խաղերի ու գաջեթների կողքին երեխաների մոտ ձևավորել սեր կրթության ու ընթերցանության՝ կարդալու հանդեպ, մենք մեր գործընկերների հետ էլ ավելի մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում «Երազ մատենաշարին», ամենայն ուշադրությամբ ընտրում  յուրաքանչյուր գիրք, մանրակրկիտ աշխատանք կատարում։ Մենք ձգտում ենք հետաքրքիր ու տարբերվող գրքերի, ուսուցողական բովանդակության միջոցով երեխաների մոտ ձևավորել ու զարգացնել սերը կրթության, ընթերցանության, ի վերջո, գրագիտության հանդեպ»։

Անժելա Պետրոսյանի խոսքով՝ կրթական ծրագրերին աջակցությունը ինչպես «Սոմնիում» ընկերությունների խմբի, այնպես էլ «Երազ Փրոջեքթսի» գործունեության առանցքում է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Երազ մատենաշարը երեխաների համար է՝ խելացի, գրքասեր, պրպտուն ու խոհեմ, ինչպես և մեր թռչող միեղջյուրը, որը նաև ընկերասիրության ու խոհեմությյան խորհրդանիշն է։ Այսօր ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Երազ Փրոջեքթսին», որ միասին սկսեցինք ու շարունակում ենք այս կարևոր նախագիծը. առաջիկայում՝նախատեսում ենք հրատարակել  նոր գրքեր ևս։ Շնորհակալ եմ նաև Newmag-ի մեծ թիմին, որ իր փոքրիկ «Երազի» կողքին է, նաև մեր խմբագիր Գնել Նալբանդյանին ու գլխավոր դիզայներ Էդիկ Պողոսյանին, ովքեր ոչ միայն իրենց պրոֆեսիոնալ աշխատանքն են կատարում, այլև ճիշտ խորհուրդներով մշտապես Նախագծի կողքին են»,-իր ելույթում նշեց «Երազ» մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը։ Խոսելով մատենաշարի այս տարվա անակնկալներից՝ նա տեղեկացրեց, որ երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան ձեռք բերելու գլխավոր հերոսի՝ Սկանդարի, իսկ մինչ ուսումնական տարվա սկիզբ նաև ֆուտբոլիստների պատկերներով դպրոցական տետրեր։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Երազ» մատենաշարը  նոր մշակույթ է բերել Հայաստանի մանկական գրահրատարակչական ոլորտում։ Առաջին անգամ հայկական գրաշուկայում հայտնվել են գրքեր, որոնք ունեն 4 +դասակարգում՝ ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ, ԴԱ՝ համապատասխանաբար նախատեսված 0-6, 6- 9, 10-12, 12 և բարձր տարիքային խմբերի համար։ Հաուկ «Երազի» գրքերի  համար մշակվել է «Հեքիաթ» կոչվող հեղինակային տառատեսակը, որը հեշտ ընթեռնելի է։ Գրքերն առանձնանում են հետաքրիքր պատկերազարդումներով  և իրենց խորհրդանիշով՝ ընկերասեր, բարի և երազկոտ միեղջյուրով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս տարի «Երազ» մատենաշարն ունի ևս մեկ նորություն. «Պարադիգմա» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ բոլոր գրքերի համար մշակվել են հատուկ ուղեցույցներ՝ ծնողների համար։ Ուղեցույցում ներառված հարցերի միջոցով ծնողը ոչ միայն կկարողանա երեխային ներգրավել ընթերցանության մեջ, այլև կօգնի զարգացնլ նրա կոգնիտիվ հմտությունները, մտածելու, վերլուծելու կարողությունները։

«Երազի գիրք» միջոցառան ժամանակ  «Պարադիգմա» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Կյուրեղյանը և Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ ամրապնդելու մեկնարկած գործընկերությունը։

Փոքրիկ ընթերցողներն ու ծնողները գրքերի վերաբերյալ մանրամասներին տեղեկացան շնորհանդեսի ընթացքում. գրքերի մասին պատմեցին անձամբ հեղինակները, թարգմանիչները։

«Երազի գիրք» միջոցառումն ուղեկցվեց ժամանցային շոու-ծրագրով։ Ելույթ ունեցան MIHRAN ARPI STUDIO-ի սաները։ Տեղի ունեցավ նաև խաղարկություն, որի ընթացքում միջոցառման մասնակից երեխաները շահեցին «Երազի գրքեր»։

https://newmag.am/post/yerazbooks-fest